• hy

Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի 2013թ. ազգային փուլը ավարտվեց

Ինչպե՞ս կկարողանան հայաստանյան իրավաբանական բուհերի ուսանողական թիմերը հանդես գալ մե՛կ հայցվորի, մե՛կ պատասխանողի դերում, ճիշտ իրավական որակումներ տալ փաստերին ու հիմնավորել փաստարկները: Հենց սա է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի էությունը` կարևորը լավ տիրապետել միջազգային իրավունքի աղբյուրներին ու չընկճվել դատավորների հարցերին պատասխանելիս:

Միջազգային այս մրցույթ-դատախաղին Հայաստանի թիմերը մասնակցում են 2000 թվականից: Հայաստանյան մրցափուլի կազմակերպիչներն են` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:   Ազգային փուլում հաղթող թիմը մեկնում է Վաշինգթոն մրցելու աշխարհի շուրջ 90 երկրներից դատախաղին մասնակցող թիմերի հետ: Ի դեպ, և՛ ազգային, և՛ միջազգային փուլում դատախաղի տեսքով անցկացվող մրցույթի վեճը նույն է:  Հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ 2013 թվականի փետրվարի

«Ազգային մրցափուլը բաղկացած է երկու փուլերից`գրավոր և բանավոր: Հայտարարվում է մրցույթի բացման մասին, որի ընթացքում թիմերը գրանցվում են, ներկայացնում են իրենց հայցադիմումները: Թիմերը ներկայացնում են բուհերը, բուհերի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: 3-5 հոգի է կազմում թիմը, և թիմն ունի նաև մարզիչ, խորհրդատու»,-նշեց «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը:

Այս տարի միջազգային դատախաղի հայաստանյան փուլին մասնակցելու համար գրանցվել են Երևանի և տարբեր մարզերի 7 բուհերի թիմեր, որոնցից 4 են սահմանված ժամկետներում կազմակերպիչներին ներկայացրել իրենց հայցադիմումները: «Շատ հաճախ շատ համալսարանների ուսանողներ ցանկանում են կազմել թիմեր, մեծ ոգևորությամբ ցանկանում են մասնակցել, սակայն մարզիչների բացակայության պատճառով չեն մասնակցում»,-նշեց Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ Մարիամ Զադոյանը:

Նախապես տեղյակ լինելով Վաշինգթոնից ուղարկված վեճի էությանը` թիմերը ուսումնասիրել են միջազգային իրավունքի աղբյուրները, կազմել և’ հայցվորի, և’ պատասխանողի դերերում հանդես գալու համար անհրաժեշտ հայցադիմումներ: Թիմերի աշխատանքները գրավոր փուլում ստուգել ու գնահատել են 3 դատավորներ: Ապա 4 թիմերն էլ անցել են բանավոր փուլ: Բանավոր փուլի առաջին օրն է: Մասնակից 4 թիմերից յուրաքանչյուրը մրցելու է մյուս 3 թիմերի հետ` և՛ հայցվորի, և՛ պատասխանողի դերով:

Մրցույթի մասնակից, Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Աննա Միքայելյանն ուսանող-իրավաբանների համար շատ է կարևորում դատախաղը`այն նպաստում է նոր գիտելիքների ձեռք բերելուն.   «Անկախ մրցույթի արդյունքների` մենք վստահ ենք, որ հետագայում մեր վրա կատարած աշխատանքների հետևանքով մենք կարող ենք լավ իրավաբան դառնալ և կարող ենք մեր պետությանն ինչ-որ օգուտ տալ»:

Մրցափուլի առաջին օրը 4 թիմերից երկուսն անցան եզրափակիչ փուլ: Նրանք վիճակահանության սկզբունքով հաջորդ օրը դատարանի առջև հանդես եկան հայցվորի և պատասխանողի դերում, վիճարկեցին հակառակ կողմի փաստարկերն ու պնդեցին իրենց խնդրանք ու պահանջը, ապա երեք դատավորները որոշեցին հաղթող թիմին:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի եզրափակիչ փուլի նախագահող դատավորն էր: Նրա խոսքով` հաղթողին որոշել են կոլեգիալ. «Պետք է նշեմ, որ մի քանի չափանիշներ հաշվի առնելով ենք որոշել հաղթողին. այսինքն, իրավունքի իմացություն, փաստարկների ներկայացում և կիրառելի իրավունքը ինչքանո՞վ է հստակ ներկայացվում և նաև փաստաբանական, հռետորական արվեստի տեսանկյունից, թե ինչպե՞ս է նյութը մատուցվում դատարանին»:

Վերջապես հայտնի է հաղթող թիմը և բուհը: Ուսանողները Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետից են: «Ոգևորություն մեզ մոտ իհարկե, առկա է: Ցանկանում ենք, որ նույն ոգևորվածությամբ համակվեն նաև այս մրցույթի հետագա մասնակիցները: Իրոք, շատ մեծ գիտելիքներ է տալիս դատախաղը միջազգային իրավունքի ոլորտում, մեծ բան է տալիս ոչ միայն գիտելիքների ըմբռնման, այլև դրա մատուցման, պրակտիկ փորձի տեսանկյունից»,- ասաց հաղթող թիմի անդամ Տիգրան Խաչիկյանը:

«Մեծ պատիվ է ինձ համար, կարծում եմ պարտավորեցնող է և կձգտեմ անել ամենը, որպեսզի հետագայում նման կոչմանն արժանանալու բարձր մակարդակն էլ ավելի բարձրացնեմ»,- ասաց ազգային մրցափուլի ժամանակ «Լավագույն հռետոր» ճանաչված, դատախաղի երկրորդ տեղը գրավված Գիտությունների ազգային ակադեմիա միջազգային գիտակրթական կենտրոնի թիմի անդամ Գրիգոր Թունյանը:

Միջազգային իրավունքի գծով իրավական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանն այս տարի եզրափակիչ փուլի երեք դատավորներից մեկն էր: Նա հինգ տարի մասնակցել է «Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի» միջազգային մրցափուլին, երեք անգամ` որպես թիմի անդամ, երկու անգամ`թիմի մարզիչ:   «Իհարկե, այն տարբերվում է միջազգային մրցափուլից: Ամենակարևոր գործոնը լեզուն է: Այդ առումով հայաստանյան թիմերը շատ ծանր կացության մեջ են, որ միակն են այսօր մնացած 80 երկրներից, որտեղ ազգային մրցափուլն այլ լեզվով է, քան միջազգայինում»,- նշեց Արա Խզմալյանը: Նրա խորհուրդը հաղթող թիմին այն է, որ ոչ մի վայրկյան չդադարեն պատրաստվել միջազգային մրցափուլի համար: