• hy

Առաջին մրցանակային տեղը Հայաստանում Ջեսափի մրցույթի իննամյա պատմության մեջ

«2009 Ֆ. Ջեսսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը սույն թվականի մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում, Վաշինգթոնում մասնակցեց մրցույթի միջազգային մրցափուլին։ Միջազգային մրցափուլից թիմի անդամները վերադարձել են ոչ միայն նոր գիտելիքներով, մեծ փորձով ու վառ տպավորություններով, այլև մրցանակով։

Միջազգային բանավոր մրցափուլերին մասնակցել են 120 թիմեր 80 երկրներից։

Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը հանդես է եկել Սինգապուրը, Իսպանիան, Բրիտանական Գայանա  համալսարանը և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի համալսարանը ներկայացնող թիմերի հետ՝ հաղթանակ տանելով Իսպանիան և Բրիտանական Գայանա համալսարանը ներկայացնող թիմերի նկատմամբ։

Բանավոր մրցափուլերի արդյունքում հայաստանյան թիմը, ըստ մրցափուլերում հավաքած միավորների, գրավել է  41-րդ, իսկ ըստ հաղթանակների՝ 49-րդ տեղը։ Այս ցուցանիշները լավագույնն են նախորդ ինը տարիների ցուցանիշների շարքում։
Մրցույթի միջազգային մրցափուլում բացի լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքստերի մրցանակներից, մրցանակներ են շնորհվում նաև առաջին տաս հորիզոնականը զբաղեցնող գրավոր աշխատանքերին։ Տաս մրցանակներից հինգերորդին՝ «Alona E. Evans-ի անվան Լավագույն գրավոր աշխատանք, հինգերորդ տեղ» մրցանակին է արժանացել հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։

Միջազգային իրավունքի ոլորտում ամենահեղինակավոր ու ամենաընդգրկուն մրցույթում հայաստանյան թիմի նշանակալից ձեռքբերումները խրախուսանքի են արժանացել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։

ՀՀ Կրթության և գիտության  նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի կողմից Ջեսափի մրցույթում Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանը, Արմենուհի Գառգալոյանը, Տարոն Սիմոնյանը, նրանց մարզիչ Եղիշե Կիրակոսյանը, թիմի իրավախորհրդատու Սառա Շիրազյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով։

Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչների և Ջեսափի ակումբի անունից շնորհավորում ենք թիմի անդամներին Ջեսափի մրցույթի հայաստանյան պատմության մեջ նոր, ավելի բարձր որակներ ցուցաբերելու կապակցությամբ, մախթում նրանց առավել բարձր հորիզոնականներ կյանքի բոլոր բնագավառներում։