• hy
  • en

«ՄԻԵԴ վճիռների դերն ու նշանակությունը» գիտաժողով

2010 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 1950թ. 423 (V) բանաձևի համաձայն, բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին կոչ արեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Այդ օրը նշանավորում է 1948թ. ասամբլեայի կողմից ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և Հոլանդական Ստրիչտինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամը կազմակերպում են “Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններիր պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի ընդունման 60 ամյակին նվիրված “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 14 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած ՄԻԵԴ-ի վճիռներին և դրանց կատարման գործընթացին: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր անդամներից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին փաստաբաններ Դավիթ Աբգարյանը, Արթուր Գրիգորյանը և Մարատ Ատովմյանը:

“Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական ուսանողական գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Թադևոսյանը և արժանացավ գիտաժողովի երրորդ մրցանակին:

“Լավագույն գրավոր զեկույց” մրցանակին արժանացավ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը և արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին:

Իսկ գիտաժողովի հաղթող դարձավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գևորգ Հակոբյանը:

Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի և մրցանակների:

Գիտաժողովի արդյունքում տպագրվել է “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածու: