• hy

Իրավապաշտպան կառույցների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում

Սույն թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին «Գոուլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից:

Քննարկման նպատակն էր բարձրացնել իրավապաշտպան կազմակերպությունների դերը, մշակել առավել արդյունավետ մեխանիզմներ պետական մարմինների հետ հարաբերությունների առնչությամբ, հնարավորություն ընձեռել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և համապատասխան մոտեցումների մշակման գործընթացներում առավել գործուն առաջարկների մշակման և շահագրգիռ կառույցներին ներկայացման համար:

Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան ՀԿ-ներից, ՀՀ ԱԺ-ից, Հայաստանում միջազգային և արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններից, Փաստաբանների պալատից և այլ շահագրգիռ կառույցներից:

Քննարկման բացման խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Գայանե Մարուքյանը` ողջունելով ներկաներին և հակիրճ ներկայացնելով օրակարգը:

ՀԵԻԱ-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը իր ողջույնի խոսքում նշեց այն հիմնական խնդիրները և գործունեության ուղիները, որոնք առկա են այսօր մարդու իրավունքների ոլորտում: Դրանցից է իրազեկությունը, որին ուղղված գործունեության համատեքստում Կ. Զադոյանը նշեց պետության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համատեղ հանրային իրազեկման ծրագրի ստեղծումը, իրավաբանական ռեսուրս-կենտրոնների հիմնադրումը: Մյուսը մարդու իրավունքների պաշտպանությունն է, որը այսօր գտնվում է բավական խոցելի վիճակում, և այդ վիճակը երկրում արդարադատության իրականացման հիմնական ցուցանիշ կարելի է համարել: Հաջորդ խնդիրը իրավապաշտպան կառույցների հզորացումն է: Սակայն միայն դրամաշնորհները այստեղ բավարար չեն, և, ըստ Կ.Զադոյանի, անհրաժեշտ են նաև պետական ներդրումներ: Վերջին կարևոր խնդիրը մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական դաշտի բարելավումն է, այդ թվում` միջազգային իրավական փաստաթղթերի պահանջների ամրագրումը ներպետական օրենսդրությունում: Որպես ներպետական օրենսդրության անկատարության կամ սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքին հակասող օրինակ Կ. Զադոյանը նշեց վերջերս ներմուծված ՀՀ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը և կոչ արեց երկրորդ սերնդի բարեփոխումները սկսել դատաիրավական համակարգից: Վերջում նա նշեց, որ հենց այս հիմնական ուղղություններն է ՀԵԻԱ-ն որդեգրել առաջիկա 4 տարիների ընթացքում աշխատելու համար:

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արևիկ Պետրոսյանը: Նա ներկայացրեց ԱԺ նորաստեղծ հանձնաժողովի հիմնական նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, որոնք տասից ավելի են: Որպես առաջնային նպատակ նա նշեց քաղաքացիների, հասարակության հետ ակտիվ համագործակցության սկիզբը: Ձեռնարկված կարևորագույն աշխատանքներից են մարդու իրավունքների բնագավառում քաղաքացիական հասարակության ինստիտուտների, գիտական հաստատությունների կողմից իրականացված դիտարկումների, հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության և վիճակագրության հավաքումը: Տիկին Պետրոսյանը առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերին բարձրացնել այս ոլորտի խնդիրները, դաշտ բերել կատարված ուսումնասիրությունները, հետազոտությունները, որոնք կարող են հիմք լինել օրենսդրական փոփոխությունների համար: Նա նշեց, որ հանձնաժողովը համագործակցելու է մարդու իրավունքների պաշտպանի, փաստաբանների պալատի, դատական իշխանության մարմինների և, իհարկե, ՀԿ-ների հետ: Իր ելույթում նա կոչ արեց բոլորին համայնքային ծառայության ինստիտուտի ձևավորման նպատակով ներկայացնել դիտարկումները, առկա խնդիրները, շարադրել մոտեցումները և մատնանշել լուծումներ, գործնական, կոնկրետ առաջարկներ: Պետք է նաև հաշվի առնել գնահատման մեխանիզմի, ինչպես նաև հետադարձ կապի օգտագործման ուղիների կարևորությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր ելույթը սկսեց այն դիտարկումով, որ որքան Հայաստանում մեծանում է իրավապաշտպան կառույցների թիվը, այնքան վատթարանում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Բերելով վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած իրավախախտումների օրինակներ` Միքայել Դանիելյանի դեմ կիրառված բռնությունը, Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների շահերը ներկայացնող Վահե Գրիգոյանի գործը, Մատաղիսի գործով փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառվող հետապնդումները, Ա.Սաքունցը նշեց, որ ՀՀ-ում փաստորեն տիրում է համակարգային մարդու իրավունքների խախտումների վիճակ: Նա նաև իր վրդովմունքն արտահայտեց իշխանության նկատմամբ, որը իր լրատվական միջոցներով անվստահություն է հայտնում քաղաքացիական հասարակության ինստիտուտների` ՀԿ-ների նկատմամբ, նշելով, որ սա կոնվենցիայի պահանջների խախտում է, և նույնիսկ ԵԱՀԿ վեհաժողովը վերջերս կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում այս ինստիտուտների դերը: Ա.Սաքունցը նշեց, որ իշխանությունը օրենսդրական և գործնական առումներով, հասարակական կարծիքի առումով պայմաններ չի ապահովում, որ զարգանա իրավապաշտպան գործունեությունը: Որպես օրինակ նշեց այն, որ «ՍԴ-ին օմբուդսմենի դիմելուց հետո թույլ տրվող անօրինականությունների համար ՍԴ-ն օրինական հիմքեր ստեղծեց»: Ըստ նրա` այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ և այլևս ինչի մասին կարող է խոսք լինել: Այս վիճակի հաղթահարման ուղին, ըստ Ա.Սաքունցի, անտարբեր չլինելն ու չհանդուրժելն է և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ԱԺ-ի, օմբուդսմենի, ԵԽ-ի, ԵՄ-ի հետ համագործակցելն է, հատկապես, երբ հայտնի է, որ միջազգային կառույցները պետք է մոնիթորինգ անցկացնեն իրավապաշտպան կառույցների շրջանում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԱրմենՏել ընկերության աշխատակիցների «Հավատ» արհեստակցական կազմակերպության նախագահ Հարություն Խառատյանը` ներկայացնելով վերջին երկու տարիների ընթացքում ԱրմենՏել ընկերության աշխատակիցների իրականացրած նախազգուշական գործադուլի և դրա արդյունքում աշխատակիցների նկատմամբ կիրառված իրավախախտումների հետևանքով ՀՀ դատական տարբեր ատյաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀԵԻԱ-ի կողմից «գործադուլավորների» շահերի պաշտպանության հետևողական գործընթացը և արձանագրված հաջողությունները: Վերջում նա նշեց, որ կոնկրետ գործով մինչև վերջ հետամուտ լինելու դեպքում, «նույնիսկ մեր դատական համակարգում» հնարավոր է լինում հասնել հաջողությունների:

Շահերի պաշտպանության ոչ կառավարական կոալիցիայի ներկայացուցիչ Գերասիմ Բարսեղյանը իր խոսքում անդրադարձավ Ա.Սաքունցի ելույթին` նշելով, որ սպասում էր ավելի համակարգային հարցերի արծարծում և կոչ արեց իրավապաշտպան ՀԿ-ներին համագործակցել ԱԺ նորաստեղծ հանձնաժողովի հետ:

Արևիկ Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ գնահատականներ ճիշտ է տալ այն ժամանակ, երբ կսկսվի հանձնաժողովի գործունեությունը: Մոտ մեկ ամսվա գործունեության ընթացքում հանձնաժողովը ստացել է մոտ քսան դիմում և ընդունել տասից ավելի քաղաքացիների: Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնված ՀՀ մի քանի օրենքների, մասնավորապես, անհայտ կորածների, բռնադատվածների, մարդկանց առևտրի և այլ օրենքների առնչությամբ: Նա ևս մեկ անգամ կոչ արեց հանձնաժողովին ներկայացնել մարդու իրավունքների ոլորտում կատարված դիտարկումները` վերլուծական նյութերի, առաջարկությունների, լուծման ուղիների, միջազգային փորձի համադրությամբ: Այս ամենից հետո միայն հնարավոր կլինի ավելի առարկայական խոսել:

Միքայել Դանիելյանը, նշեց, որ այսօր ՀՀ-ում կա ազատազրկված 75 հոգի, ովքեր, այսպես ասած, «խղճի գերիներ» են: Նա առաջարկեց միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել այլընտրանքային ծառայության մասին օրենքը:

ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Միշա Փիլիպոսյանը իր ղեկավարած կառույցի վերաբերյալ նշեց, որ այն ամենամեծն է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն նա, ցավոք, չի տեսնում ՀԿ-ների վերաբերմունքը իրենց նկատմամբ: Միայն ՀԵԻԱ-ի կողմից է գրասենյակ ուղարկվել դատապարտված քաղաքացու վերաբերյալ գրություն-միջնորդագիր, որի գործով այժմ զբաղվում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը: Նա խրախուսեց ուղիղ կապը ԱԺ հանձնաժողովի և հանրային պաշտպանի գրասենյակի միջև: Մ.Փիլիպոսյանը կարևորեց գրասենյակի` պետության հովանու ներքո գտնվելու փաստը, նշելով, որ անցնող տարվա ընթացքում պետությունը բավականին միջոցներ է տրամադրել գրասենյակին:

Քննարկումն ամփոփեց ՀԵԻԱ-ի նախագահը, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին և հույս հայտնեց, որ այս ուղղվածության միջոցառումները կլինեն շարունակական:

Այս քննարկումների արդյունքում ՀԵԻԱ-ն ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով կներկայացնի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և դրա հետ փոխկապակցված մյուս օրենքներում փոփոխությունների կատարման նախագիծ (Փոփոխությունների նախագծի և սեմինարի մասին մանրամասն տես «Իրադարձությունների» էջի սեմինարներ բաժնում), որով կառաջարկվի ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի ինստիտուտը, քանի որ վերջինիս ներդրմամբ խախտվում է անձի` իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքը:

«Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» քննարկումը լուսաբանվեց ԱՐ, Արմնյուզ, Հ2 հեռուստաընկերությունների, Ազատություն ռադիոկայանի, Հանրային ռադիոյի, Առավոտ, Իրավունք և Հայաստան շաբաթաթերթերի կողմից:

Քննարկման մասնակիցները ավելի անկաշկանդ միջավայրում հնարավորություն ստացան քննարկել իրենց հուզող հարցերը` հրավիրվելով հյուրասիրության կազմակերպիչների կողմից: