• hy

Հանդիպում Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռ. Ռումյանի հետ

Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների տարեմիջյան հանդիպումը անցկացվեց Փարիզում և Երևանում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը: Երևանում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամները որպես դատավոր մասնակցեցին նաև հոկտեմբերի 3-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղին հրավիրված էին նաև Ջեսափի մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները:

Դատախաղից հետո Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանը և իր տիկին Մարո Ռումյանը 2007թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամներին և մրցույթի կազմակերպիչներին հրավիրեցին ընթրիքի, որին ներկա էր նաև Ջոն Մարշալի իրավաբանական դպրոցի պրո ֆեսոր Էն Մ. Լուսինը: Ընթրիքի ընթացքում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների կողմից ողջունվեց Ջեսափի մրցույթի կազմակերպումը և հույս հայտնվեց, որ մրցույթի մասնակիցների շրջանակն առաջիկայում ավելի կընդարձակի:

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին տեր և տիկին Ռումյանները հյուրընկալվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում, որտեղ կայացավ հանդիպում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում Ջեսափի ակումբի համակարգողի կողմից հյուրերին ներկայացվեց Հայաստանի Ջեսափի ակումբի ստեղծման նպատակն ու գործունեությունը, պարոն Ռումյանի կողմից ներկայացվեց Ամերիկայի հայ իրավաբանների միության գործունեությունը և քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

Հանդիպման ավարտին պարոն Ռումյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամի կոչում` ի հավաստումն նախորդ տարիներին Ջեսափի մրցույթին աջակցելու համար երախտագիտության:

Ջեսափականների հետ հանդիպման ավարտից հետո տեր և տիկին Ռումյանները հանդիպում ունեցան նաև Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար կազմի հետ, որին մասնակցեցին Կարեն Զադոյանը, Դավիթ Աբգարյանը և Մարատ Ատովմյանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկկողմանի փոխշահավետ համագործակցությունը: