• hy

Փաստաբանությանը նվիրված չորրորդ ամենամյա գիտաժողովն ավարտվեց

2007թ.-ի դեկտեմբերի 5-ին Երևան հյուրանոցում կայացավՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությոան կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողովի բանավոր փուլը:

Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 28 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված չորս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով:

Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները` առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր իրավաբաններից և փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական չորրորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրացանակին արժանացավ և ընդհանուր արդյունքներով գիտաժողովի չորրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նաիրա Դիլանյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Օսիպյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի երրորդ կուրսի ուսանող Իգոր Ավակյանը արժանացավ գիտաժողովի երկրորդ և ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակներին: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Գավառի պետական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Բադալյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների:

Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց «ԱՐ» հեռուստաընկերության, Հայաստանի հանրային ռադիոընկերության, «Ազատություն» ռադիոկայանի, «Հայաստանի Հանրապետություն» և «Հետաքննություն» թերթերի կողմից: