• hy
  • en

Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» սեմինար

2005թ.-ի ապրիլի 9-ին Երևան հյուրանոցում տեղի ունեցավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» սեմինարը, որը կազմակերպվել էր Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Հաշվի առնելով ՀՀ փաստաբանական ինստիտուտի շուրջ տիրող լարված վիճակը, որը ստեղծվել էր Փաստաբանների միասնական պալատի նորընտիր ղեկավար կազմի ընտրությունների արդյունքների պատճառով, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հրավիրել էր շահագրգիռ փաստաբաններին, իրավաբան գիտնականներին, ԶԼՄ-ների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» սեմինարին, որը պատեհ առիթ էր ստեղծված իրավիճակը գնահատելու և հնարավոր լուծումներ նախանշելու առումով:

«Փաստաբանների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց 2004թ.-ի դեկտեմբերի 14-ին և ուժի մեջ մտավ 2005թ.-ի հունվարի 22-ին: 2005թ.-ի մարտի 19-ին և 20-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը, որի արդյունքում ստեղծվեց փաստաբանների մեկ միասնական կազմակերպություն: Վերջինիս կազմավորման համար նախապատրաստական աշխատանքներ կատարեց ՀՀ-ում գործող փաստաբանական երկու միությունների խորհուրդների կողմից լիազորված փաստաբանների մի խումբ` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: ՀՀ փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հաստատեց պալատի կանոնադրությունը և «Փաստաբանի վարքագծի կանոնակարգը», ընտրությունների միջոցով ձևավորվեցին պալատի մարմինները:

ՀՀ փաստաբանների պալատի մարմինների ընտրություններից հետո մի խումբ փաստաբաններ դատարան ներկայացրեցին թվով 5 հայցադիմումներ` խնդրելով դատարանին, մասնավորապես, անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահի և պալատի մյուս մարմինների  ընտրությունները, ինչպես նաև միջնորդեցին արգելանք դնել պալատի նախագահի գործողությունների վրա: Դատարանը, ընդունելով միջնորդությունը, մարտի 24-ին արգելանք դրեց ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահի լիազորություններ ստանձնելու և կատարելու գործողությունների վրա, իսկ հետագայում նաև անվավեր ճանաչեց վերը նշված ընտրությունները:

Սեմինարին հրավիրվածները քննարկեցին ստեղծված իրադրությունը և մեծամասամբ կարծիքներ արտահայտեցին հաշտեցման միջոցով իրավիճակը լուծելու վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ դատարանը այն վայրը չէ, որտեղ պետք է քննվի այս հարցը, և որ փաստաբանները իրենց ներսում պիտի դա լուծեն: Առաջարկներ արվեցին հրավիրել նոր ընդհանուր ժողով և ձևավորել պալատի մարմինները, որը և դատարանի հայտնի որոշումից հետո իրականացվեց:

Հանդիպման վերջում կազմակերպիչների կողմից տրվեց հյուրասիրություն, որը թույլ տվեց կողմերին ավելի անկաշկանդ միջավայրում զրուցել և առավել արդյունավետ ելքեր գտնել փաստաբանների միասնական պալատի շուրջ ստեղծված անցանկալի իրադրությունից:

Սեմինարը լուսաբանվեց հանրապետական նշանակության գրեթե բոլոր ԶԼՄ-ների կողմից: