• hy
  • en
  • ru

5 օր եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մասին. ամառային դպրոցն ավարտվեց

Մեկ տարի անց նույն վայրում ու նույն ձևաչափով մեկնարկել է Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցը: 5 օր եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մասին: Կազմակերպիչները կրկին նույնն են. Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը:
«Ամառային դպրոցի հիմնական նպատակն է այս 5 օրերի ընթացքում ավելի խորն ուսումնասիրել եվրոպական իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը»,- դպրոցի բացման ժամանակ ասաց Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի մտահղացման հեղինակ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը:
Այս տարի դպրոց ընդունվելու հայտ է ներկայացրել 73 անձ: Ըստ ներկայացրած փաստաթղթերի նրանցից 39-ն անցել է բանավոր փուլ և միայն 29-ն է հաջողվել ընդունվել ամառային դպրոց: Եվս 2 ուսանող հրավիրվել են անցած տարվա ամառային դպրոցից:
«Եվրոպական իրավունքի առաջին ամառային դպրոցից հետո ինչպես Գերմանիայից ժամանած փորձագետները, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները, այնպես էլ մասնակիցները շատ գոհ էին արդյունքներից, և մենք որոշեցինք շարունակել գաղափարը»,- նշեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ֆրանցիսկա Զիմոնը:
«Եվրոպական իրավունքի ամառային առաջին դպրոցի չափազանց շատ արձագանքներից հետո, միանշանակ որոշվեց ամառային դպրոցը դարձնել ավանդական»,- նշեց Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Առաջին դասախոսությունը սկսվեց: ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանն է դասախոսում: Նա արդեն երկրորդ տարին, որպես տեղական փորձագետ, դասավանդում է Եվրոպական իրավունքի ամառային դպրոցում: Թեպետ դասավանդման թեման այս տարի այլ է, բայց մասնակիցների ոգևորությունը պակաս չէ նախորդ տարվա համեմատ:
«Այս տարի ես մասնակիցներին ներկայացրել եմ Հայաստանի համագործակցությունը միջազգային և հատկապես եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ: Մասնակիցները բավականին ակտիվ են և՛ անցյալ տարի, և՛ այս տարի և բազմաթիվ հարցեր են հղում զեկուցողներին», – տեղեկացրեց Մարատ Ատովմյանը:
Մինչ մյուս դասախոսություններին ծանոթանալը` Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի բուհերի իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատում, մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորող ուսանողներն իրենց առաջին տպավորությունների մասին են խոսում. օրակարգն արդեն ուսումնասիրել են:
«Օրակարգին ծանոթ եմ` բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք շոշափվելու են ամառային այս դպրոցի շրջանակներում: Հետաքրքիր է, որ կան Գերմանիայից ժամանած մասնագետներ: Հետաքրքիր կլիներ լսել նրանց կարծիքը»- ասաց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանող Նարեկ Աբգարյանը:
«Իմ առօրյա գործունեության ընթացքում հաճախ եմ առնչվում Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային և մեր առօրյայում հաճախ են այդ կոնվենցիայի խախտումները: Կարծում եմ սա լավ հնարավորություն էր եվրոպական իրավունքի մասին իմ ունեցած գիտելիքներն ավելի զարգացնելու, ավելի կատարելագործվելու»,- նշեց փաստաբան Գևորգ Մարտիրոսյանը:
«Առաջին հայացքից տպավորությունս այն է, որ օրակարգը շատ հագեցած է, շատ հետաքրքիր է լինելու. միանշանակ ես կքաղեմ այն, ինչի համար, որ եկել եմ»,- կարծում է իրավաբան, դասախոս Ռուզաննա Ազրոյանը:
«Ակնկալում եմ փորձի փոխանակում բոլոր մասնակիցների և հրավիրված մասնագետների հետ»,- հայտնեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, Ամերիկյան համալսարանի ուսանող Շահանե Հակոբյանը:
«Ես որոշեցի մասնակցել, որպեսզի ծանոթանամ եվրոպական արժեքներ դավանող երիտասարդների հետ, որոնք նույնպես ուզում են եվրոպական արժեքներն ինտեգրացնել Հայաստանում»,- նշեց ԵՊՀ շրջանավարտ Արգիշտի Սարգսյանը:
Ուսանող Հայկ Ղազարյանն ու Արմեն Պողոսյանը Եվրոպական իրավունքի առաջին ամառային դպրոցի շրջանավարտներ են: Նրանք հրավիրվել են այս տարի մասնակցելու և իրենց փորձը փոխանակելու մյուս մասնակիցների հետ:
«Այս տարի կցանկանայի, որ մասնակիցներն ավելի ակտիվ մասնակցեին քննարկումներին, ավելի շատ հայտնեն իրենց տեսակետը»,- նշեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հայկ Ղազարյանը:
Համեմատած նախորդ տարվա` Հայկը մի շարք փոփոխություններ է արձանագրել դպրոցի օրակարգում. լավ է` նույն թեմաների կրկնությունը չէ: Բացի այդ` նախորդ տարի ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման հարցը, այս տարի պատկերն այլ է. պաշտոնական Երևանը մտադիր է Մաքսային միությանն անդամակցել:
«Ինչպես գիտենք` Ռուսաստանը երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի ռազմական աջակիցը և քանի որ մենք անվտանգության կողմնակից ենք, այս տեսանկյունից մի գուցե սուբյեկտիվ հնչի, բայց Հայաստանը Ռուսաստանի կարիքն ունի, Մաքսային միության կարիքն ունի, բայց մյուս տեսանկյունից` երբ դիտարկում ենք, թե ինչ է տալիս Եվրոպական միությունը, ավելի շատ հակված եմ մտածելու, որ Հայաստանն ունի եվրոպական ապագա»- կարծում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լիլիթ Սարգսյանը:
Եվրամիության ինստիտուցիոնալ կառուցվածքը: Հենց այս թեման է մասնակիցներին ներկայացրել ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նա` որպես տեղական փորձագետ, երկրորդ տարին անընդմեջ այս թեման է դասավանդում Եվրոպական իրավունքի ամառային դպրոցում. «Բնականաբար, եվրոպական իրավունքին խորությամբ ծանոթանալու համար առաջնային է նախ ծանոթանալ եվրոպական իրավունքի պատմությանը և Եվրոպական միության կառուցվածքին: Իմ կողմից ուսանողներին դասավանդվեց Եվրոպական իրավունքի կառուցվածքը, այն հիմնական ինստիտուտները, որոնք գործում են Եվրոպական միության շրջանակներում և որոնք ապահովվում են Եվրոպական միության բնականոն ընթացքը»:
Գերմանիայից ժամանած առաջին փորձագետը մասնակիցներն ներկայացրեց Եվրոպական Միության ձևավորման պատմությունը, Եվրոպական իրավունքի ձևավորումը, Եվրամիության դատական համակարգը: Ըստ նրա` ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար Եվրոպայի հետ մերձեցումը նպատավոր է տնտեսական առաջխաղացման համար:
«Եթե որևէ երկիր ցանկանում է Եվրոմիության անդամ դառնալ, նա պետք է դա ցանկանա և իմանա, որ եթե դարձավ Եվրոմիության անդամ, ապա ստիպված կլինի իր ինքնիշխանության մի մասը հանձնել այդ վերազգային կառույցին` Եվրոպական միությանը»,- նշեց Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանի դասախոս, պրոֆեսոր, դոկտոր Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցի դասախոս Կարմեն Թիլեն:
«Առաջին հերթին կուզենայի, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականանցումը լիներ լիիրավ և ապահովվեր եվրոպական իրավունքի սկզբունքների կիրառումը: Այսինքն, գլոբալ առումով չկա այնպիսի իրավական նորմ և սկզբունք, որը մենք չունենք ՀՀ ներպետական օրենսդրությունում, բայց ի տարբերություն եվրոպական իրավունքի, որտեղ իրավունքի կենտրոնը մարդն է և նրա հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը ցանկացած պետության գերխնդիրն է, Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք կիրառման հիմնախնդիր»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իրավախորհրդատու Անի Խլղաթյան:
Յուրաքանչյուր թեմայի ներկայացումից հետո սկսվում են գործնական աշխատանքները: Մասնակիցները բաժանվում են խմբերի ու սկսում քննարկել առաջադրված հարցը:
«Առաջին հերթին` գործնական աշխատանքների միջոցով ուսանողներն ավելի լավ են ճանաչում իրար, լսում են իրար կարծիքները, երկրորդը` թիմային աշխատելու հմտություններն են զարգացում մասնակիցների շրջանում, երրորդ` ստացած գիտելիքները, հմտություններն են ամրապնդվում»,- նշեց ՀԵԻԱ-ի նախագահի օգնական, Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցի աշխատանքային խմբի համակարգող Նվարդ Լոռյանը:

5 օրերի ընթացքում երիտասարդները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստացել ու գործնական աշխատանքներ կատարել, այլ նաև մասնակցել են սպորտային տարբեր միջոցառումների. էքսկուրսիա են մեկնել Հաղարծին վանքային համալիր: Զրուցել են հոգևորականի հետ, ծանոթացել վանքի պատմությանը, ներկայացրել ամառային դպրոցի մասին իրենց տպավորությունները, բարձր տրամադրությամբ ու երգելով վերադարձել Աղվերան:
«Շատ տպավորված եմ ու շատ հետաքրքիր է, քանի որ համատեղում ենք, ինչպես տեսական գիտելիքները, գործնական` միաժամանակ նաև կազմակերպիչներն ապահովվում մեր ազատ ժամանակը` տարբեր էքսկուրսիաների միջոցով»,- հայտնեց Արցախի պետական համալսարանի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Վարդուհի Ավանեսյանը:
Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցից մասնակիցների տպավորությունները դրական են: Շատ հարցեր ուղղեցին փորձագետներին, ձեռք բերեցին նոր ընկերներ:
«Ես շատ տպավորված եմ գերմանացի մասնագետների ոչ միայն գիտելիքների մակարդակով, այլ նաև նրանով, որ նրանք պատրաստ են պատասխանել գրեթե բոլոր հարցերին»,- կարծիք հայտնեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Մարիամ Զադոյանը:
«Կոզակի դասախոսությունն ամենահետաքրքիրն էր ինձ համար, քանի որ նա շատ պրակտիկ խնդիրների մասին էր խոսում. ցանկացած օրենքի, դրույթի մասին խոսելիս բերում էր օրինակներ»,- նշեց Հյուսիսային համալսարանի շրջանավարտ, Շանհայի ֆինանսների և էկոնոմիկայի համալսարանի ուսանող Սարեն Աբգարյանը:
«Բարձրացվեցին շատ կարևոր, շատ ակտուալ հարցեր իմ գործընկերների կողմից: Հարցերին գործող իրավաբանների, մասնագետների կողմից տրվեցին պրակտիկայում կարևոր հարցերի պատասխաններ»,- նշեց Գլաձոր համալսարանի շրջանավարտ Լիլիան Բադիրյանը:
«Նախ նշեմ, որ տեղը` որպես գիտելիքների խորացման և ձեռքբերման վայր, շատ բարենպաստ է, ինչպես նաև կարևոր է այն, որ Գերմանիայից հրավիրված մասնագետները իրենց պրակտիկ փորձն են փոխանցել մեզ»,- նշեց Երևանի «Մանց» համալսարանի ուսանող Արթուր Մակարյանը:
«Տպավորություններս շատ դրական են, այն, ինչ ակնկալում էի ամառային դպրոցից, ստացա, իմ բոլոր հարցերի պատասխանները գտա, բոլոր թեմաները շատ լավ էին կազմակերպված, լավ էին մշակված»,- ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Աննա Սարդարյանը:
Ինչպիսի՞ն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կառուցվածքը և անհատական գանգատների ներկայացման գործընթացը, ինչպե՞ս պետք է ձևակերպել ՄԻԵԴ ներկայացվող հայցը: Այս հարցերին Գերմանիայից ժամանած փորձագետները տվեցին սպառիչ պատասխաններ` երբեմն անգամ օրակարգից շեղվելով. մասնակիցների հարցերը շատ են:
«Նախ կարևոր է, որ փաստաբանները տեղյակ լինեն այն նախապայմաններին, որոնց առկայությունն անհրաժեշտ է ՄԻԵԴ բողոք ներկայացնելու համար և այդ առումով լավ կլիներ, որ Փաստաբանների պալատը նրանց համար համապատասխան դասընթացներ կազմակերպեր: Խորհուրդ կտամ փաստաբաններին, ովքեր մասնագիտանալու են ՄԻԵԴ գանգատ ներկայացնելով ծանոթանային ՄԻԵԴ-ի արդեն իսկ կայացրած որոշումներին»,- ասաց Կիրառական վարչարարության դաշնային համալսարանի դասախոս, պրոֆեսոր, դոկտոր, Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցի դասախոս Միխաելա Վիթթինգերը:
Գերմանացի փաստաբան Միխաել Քլայնե-Կոզակը համամիտ է գործընկերոջ հետ և մի խորհուրդ էլ նա է առանձնացնում. հենց առաջին ատյանի դատարանից պետք է անընդհատ վկայակոչել ՄԻԵԿ-ի հոդվածները: Դա կօգնի, որ ազգային դատարաններում որոշումների կայացման ժամանակ դեր խաղա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քանի որ ճանապարհը դեպի Ստրասբուրգ շատ երկար է:
«Բանն այն է, որ դատավորները սովոր են կիրառել այն իրավունքը, որը կիրառում են իրենց «սովորական» գործերով և չեն անդրադառնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Իմ վստահորդների գործերով ես անընդհատ ստիպված եմ լինում դատարանին ասել, որ պետք է հաշվի առնել Կոնվենցիան»,- նշեց Միխաել Քլայնե-Կոզակը:
ՄԵԻԿ 5, 6 և 10 հոդվածները ևս մեծ քննարկումներ ու հարցեր առաջացրեցին: Ամառային դպրոցը մոտենում է ավարտին: Ամփոփվում է դպրոցի 5-րդ օրը:
«Մեր խնդրանքն ու հորդորն այն է, որպեսզի դուք կարողանաք ձեռք բերված այդ գիտելիքները` ոգեշնչված եվրոպական իրավունքով, եվրոպական այնպիսի հիմնարար արժեքներով, ինչպիսիք են մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մի շարք այլ կարևոր արժեքներ, տարածել, ինչպես նաև կիրառեք Ձեր գործունեության մեջ»,- դպրոցի փակման արարողության ժամանակ ասաց Կարեն Զադոյանը:
Սկսվում է հավաստագրերի բաշխումը` դասընթացը հաջողությամբ ավարտածներին: Մասնակիցները հեռանում են Աղվերանից նոր գիտելիքներով ու տպավորություններով, իսկ կազմակերպիչները խոստանում եմ ամառային դպրոցը դարձնել շարունակական, դպրոցի շրջանավարտների հետ աշխատանքը` պարբերաբար: