Կանոնադրություն

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ «23» օգոստոսի 2003թ.

Հիմնադրամի հիմնադիրներ` Կարեն Զադոյան Դավիթ Աբգարյան Արծրուն Միրզոյան

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ` «09» սեպտեմբերի, 2003թ. Գրանցման N` 222.160.00196 Վկայականի N` 03. Ա 061099 ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՂԵԿԱՎԱՐ` Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ  Երևան 2003

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հայաստանի իրավաբանական հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

1.2. Հիմնադրամը ստեղծվել է Կարեն Զադոյանի, Դավիթ Աբգարյանի և Արծրուն Միրզոյանի կողմից` 23.08.2003թ.-ին:

1.3. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.4. Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

1.5. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հիմնադրամը կարող է գործել օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.6. Հիմնադրամի լրիվ անվանումն է. հայերեն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, անգլերեն` THE LAW FOUNDATION OF ARMENIA:

1.7. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որտեղ շրջանակի մեջ պատկերված է ծիրանագույն ութանկյուն աստղ, որի մեջ գլոբուսն է, իսկ գլոբուսի վրա` ծիրանագույն կշեռք: Շրջանակի մեջ կորաձև, վերևից` հայերեն, ներքևից` անգլերեն լեզուներով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» և “THE LAW FOUNDATION OF ARMENIA”: Խորհրդանիշի նկարագրությունն ու պատկերը կցվում են սույն կանոնադրությանը:

1.8. Հիմնադրամի հիմնադիրների անձնագրային տվյալներն են` …

1.9. Հիմնադրամի գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2, հեռ.` 540199:

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. Հիմնադրամի նպատակներն են`

ա) օժանդակել Հայաստանի Հանրապետության կայացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը,

բ) նպաստել Հայաստանի լիակատար ինտեգրմանը եվրոպական կառույցներում, Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցմանը եվրոպական չափանիշներին, եվրոպական իրավական ստանդարտների և ավանդույթների արմատավորմանը Հայաստանում,

գ) նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ իրավաբանական ներուժի համախմբմանը ի նպաստ Հայաստանի, Արցախի և համազգային նշանակության շահերի,

դ) կապեր հաստատել և համագործակցել արտերկրի իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների, իրավաբանական ուսումնական հաստատությունների և իրավաբանության բնագավառի գրահրատարակչական կազմակերպությունների հետ, կազմակերպել իրավաբանների միջազգային հավաքներ, կոնֆերանսներ, սեմինարներ, իրականացնել իրավաբանների փոխանակման ծրագրեր,

ե) նպաստել հայ ժողովրդի պատմա-իրավագիտական արժեքների վերականգմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը և տարածմանը,

զ) աջակցել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, նպաստել ՀՀ-ում փաստաբանության ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը, փաստաբանի դերի բարձրացմանը,

է) նպաստել իրավագիտության զարգացմանը, իրավական ոլորտի գիտական հետազոտությունների իրականացմանը, ՀՀ օրենսդրության ուսումնասիրմանը և կատարելագործմանը,

ը) մշակել ՀՀ օրենքների նախագծեր, կատարել ՀՀ օրենքների նախագծերի համեմատական վերլուծություն և փորձաքննություն, նպաստել ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը մարդու իրավունքների և ազատությունների ոլորտի հիմնական կոնվենցիաներին և մյուս միջազգային իրավական փաստաթղթերին,

թ) աջակցել Հայաստանում իրավաբանության ոլորտի գրահրատարակչության զարգացմանը, իրավաբանական գիտական աշխատությունների, ինչպես նաև իրավաբանական գրականության հրատարակմանը և տարածմանը,

ժ) նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրավաբանական, այդ թվում փաստաբանական ուսումնական հաստատություններ,

ժա) նպաստել ուսանող և երիտասարդ իրավաբանների գիտակրթական մակարդակի բարձրացմանը, նրանց մասնագիտական աճին, կրթաթոշակներ սահմանել օժտված և սոցիալապես անապահով իրավաբան ուսանողներին, աջակցել օժտված ուսանող իրավաբանների ուսումնառության կազմակերպմանը արտերկրի իրավաբանական կրթական հաստատություններում,

ժբ) նպաստել բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը` բնակչության շրջանում օրենքների և իրավական գիտելիքների քարոզչության միջոցով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և ցուցաբերել իրավաբանական օգնություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, նպաստել ՀՀ հանրակրթական դպրոցներում և այլ կրթական հաստատություններում իրավական գիտելիքների տարածմանը,

ժգ) նպաստել բնապահպանական օրենսդրության կատարելագործմանը և կիրառման մեխանիզմների ապահովմանը` դրանով իսկ նպաստելով բնապահպանական խնդիրների լուծմանը,

ժդ) աջակցել Հայաստանի և Արցախի իրավաբանության բնագավառի մասնագիտական ոչ կառավարական կազմակերպությունների զարգացմանը, նրանց, ինչպես նաև հանրային գրադարաններին, իրավաբանական ուսումնական հաստատություններին ու հանրակրթական դպրոցներին տրամադրել իրավաբանական գրականություն և մասնագիտական այլ աջակցություն,

ժե) նպաստել Հարավային Կովկասի երկրների իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների համագործակցությանը և ինտեգրմանը,

ժզ) նպաստել իրավաբանների ոչ մասնագիտական շփումներին, կազմակերպել իրավաբանների ոչ պաշտոնական ակումբային հանդիպումներ, տարաբնույթ մշակութային և ժամանցային միջոցառումներ:

2.2. Հիմնադրամը իր կանոնադրական նպատակները իրականացնելու նպատակով կազմակերպում է կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդաժողովներ, սիմպոզիումներ, քննարկումներ, ուսուցումներ, ցուցահանդեսներ, մրցույթներ և այլ միջոցառումներ, իրականացնում է ծրագրեր և նախագծեր:

2.3. Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ:

2.4. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են` իրավաբանները, փաստաբանները, ուսանող իրավաբանները, հասարակության իրավաբանական օգնության կարիք ունեցող անդամերը, իրավաբանների, փաստաբանների, ուսանող իրավաբանների միավորումները և կազմակերպությունները, իրավագիտության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ներգրավված կազմակերպությունները, հանրային գրադարանները, իրավաբանական ուսումնական հաստատությունները, հանրակրթական դպրոցները և իրավաբանությամբ հետաքրքվող այլ անձինք:

2.5. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

3.2. Հիմնադրամն անմիջականորեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում, բազմացում կամ պաշտոնական վերահրատարակում,

բ) գրքերի, ամսագրերի, թերթերի և այլ պարբերականների հրատարակություն, հրատարակչական գործի այլ տեսակներ,

գ) գրքերի մեծածախ և մանրածախ առևտուր,

դ) կրթական ծրագրերի, այդ թվում, հատուկ ընդհանուր, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում,

ե) իրավունքի բնագավառի գործունեություն, խորհրդատվություններ իրավական հարցերով, այդ թվում` ներկայացուցչություն դատարանում, իրավաբանական փաստաթղթերի պատրաստում և այլն,

զ) հետազոտություններ և մշակումներ իրավագիտության և հարակից գիտությունների բնագավառում,

է) մասնագիտացված ակումբներում սննդի և բարերի ծառայություններ:

3.3. Սույն կանոնադրությամբ նախատեսված և օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար` հիմնադրամն այդ գործունեությունն իրականացնում է համապատասխան պետական մարմիններից լիցենզիա ստանալու պահից` նրանում նշված ժամկետում:

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է լուծարման ավարտի պահից:

4.2. Հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ իր պետական գրանցման պահից:

4.3. Հիմնադրամն ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

4.5. Հիմնադրամը`

ա) որպես սեփականություն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ և իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով,

բ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող,

գ) ունի իր անվամբ կլոր կնիք` հայերեն, անգլերեն գրառումներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկերում, թե ՀՀ արժույթով, թե արտարժույթով,

դ) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին. հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ,

ե) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,

զ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն ինչպես անմիջականորեն, այնպես էլ` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց: Հիմնադրամն իրավունք ունի զբաղվել միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե օրենքով սահմանված կարգով անմիջականորեն է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն,

է) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ կառույցներ,

ը) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

4.6. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն: Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

4.7. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք:

4.8. Հիմնադրամը պարտավոր է`

ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան,

բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,

գ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,

դ) կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

4.9. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:

4.10. Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց կողմից ստեղծված հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների պարտավորությունների համար:

4.11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

4.12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

5.1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և իր գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և հիմնադրամի տնօրենին առաջին անգամ նշանակում են հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի կազմը սահմանվում է յոթ հոգի: Հոգաբարձուների խորհրդի թվակազմն առաջին անգամ սահմանում են հիմնադիրները, իսկ հետագայում` հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

5.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին և փոխնախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդի անդամի իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

5.4. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

5.5. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է` ա) նրա գրավոր դիմումի հիման վրա, բ) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով:

5.6. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամի ընտրության համար թեկնածու է առաջադրում հիմնադիրը, իսկ եթե հիմնադիրը գոյություն չունի կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 30 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրը պետք է պատշաճ ձևով տեղեկացված լինի:

5.7. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` նախկին անդամի լիազորությունների դադարման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում` հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների երկու երրորդով: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնակի քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է ձայների առավելագույն քանակ, սակայն ոչ պակաս, քան հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

5.8. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերը հրավիրվում են եռամսյակը առնվազն մեկ անգամ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները: Նիստի օրակարգը բաժանվում է հոգաբարձուների խորհրդի անդամներին և հիմնադրին ոչ ուշ, քան նիստից 15 օր առաջ:

5.9. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասության հարցերն են`

ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը,

բ) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,

գ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը,

դ) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

ե) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,

զ) հոգաբարձուների խորհրդի նախագահի և հիմնադրամի տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,

է) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,

ը) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային այլ մարմինների ստեղծման և դրանց կանոնադրությունների և կանոնակարգերի հաստատման մասին որոշումների ընդունումը,

թ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,

ժ) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո հիմնադրամի տնօրենի հաշվետվությունների լսումը,

ժա) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,

ժբ) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը,

ժգ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

5.10. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված առանձին դեպքերի:

5.11. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի վերակազմակերպման և կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5.12. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

5.13. Հոգաբարձուների խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

5.14. Հոգաբարձուների խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

5.15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի նիստի կողմից:

5.16. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները,

բ) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը, նախագահում է դրանք, կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը,

գ) կարող է ներկայացնել հիմնադրամը պետական և ոչ պետական մարմիններում, պաշտոնական հանդիպումներում, միջազգային և արտասահմանյան կազմակերպություններում, համաժողովներում, կոնֆերանսներում և այլ միջոցառումներում: Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է փոխնախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում` անդամներից մեկը:

5.17. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

6.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

6.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել առաջարկություններ,

բ) սպառիչ տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին,

գ) ազատ դուրս գալ հոգաբարձուների խորհրդի անդամությունից:

6.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգ տանել հիմնադրամի հեղինակության բարձրացման համար,

բ) աջակցել հիմնադրամում ներդրումների համալրմանը:

7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ

7.1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի տնօրենը (այսուհետև տեքստում` տնօրեն):

7.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի: Հիմնադրամի տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

7.3. Տնօրենը ընտրվում և պաշտոնից ազատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տնօրենի պաշտոնում առաջին անգամ նշանակում են հիմնադիր(ներ)ը: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ: Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Տնօրենի կողմից իր պարտականությունների հասարակական կարգով կատարելու դեպքում նրա հետ պայմանագիր չի կնքվում:

7.4. Տնօրենը`

ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից,

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

գ) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր,

դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,

ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

զ) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային մյուս մարմինների, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ը) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին,

թ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

7.5. Հիմնադրամի տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

7.6. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծարել տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:

8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

8.1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ: Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

8.2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը:

8.3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանմումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա: 8.4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման:

9. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Հիմնադրամը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

9.2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադիրների կողմից ստեղծման պահին փոխանցված 15.000 (տասնհինգ հազար) դրամը:

9.3. Հիմնադիրների կողմից հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

9.4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

ա) հիմնադիրների ներդրումը,

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,

գ) դրամական մուտքերը պետական բյուջեից,

դ) դրամաշնորհները,

ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

զ) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից,

է) օրենքով չարգելված այլ միջոցները:

9.5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով` միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:

9.6. Հիմնադրամի ծախսերն են`

ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը,

բ) վարչակառավարչական ծախսերը:

9.7. Կանոնադրական նպատակների համար նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի), օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:

9.8. Վարչակառավարչական ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը:

9.9. Վարչակառավարչական ծախսերի գումարի չափը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

9.10. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով: Հիմնադրամի միջոցների կազմավորմանը կարող են մասնակցություն բերել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրավմամբ շահագրգռված են հիմնադրամի նպատակների իրականացման խնդրով: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, փոխանցումների և այլ ձևերով: Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր:

9.11. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում իրավունք ունի իր գույքը, որպես սեփականություն, օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

9.12. ՀՀ տարածքում հիմնադրամի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:

9.13. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում: 9.14. Հիմնադրի, ինչպես նաև այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

10. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

10.1 Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը) կատարվում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, իսկ լուծարումը` դատական կարգով:

10.2 Հիմնադրամի լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

10.3 Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

10.4 Հիմնադրամը կարող է լուծարվել եթե.

ա) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,

բ) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ,

գ) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում,

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

10.5. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե:

10.6. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են իրավաբանները, փաստաբանները, ուսանող իրավաբանները, բնակչությունը, իրավաբանների, փաստաբանների, ուսանող իրավաբանների միավորումները և կազմակերպությունները, իրավագիտության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ներգրավված կազմակերպությունները, իրավաբանությամբ հետաքրքվող այլ անձինք:

10.7. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

Խորհրդանիշի նկարագրությունն ու պատկերը Կրկնակի եզրագծերով երկու կիսաշրջանակի մեջ պատկերված է ութանկյուն աստղ, որի մեջ մայրցամաքների պատկերով գլոբուսն է, իսկ գլոբուսի վրա պատկերված է կշեռք: Կիսաշրջանակի մեջ կորաձև, վերևից` հայերեն, ներքևից` անգլերեն լեզուներով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» և “THE LAW FOUNDATION OF ARMENIA”: Կիսաշրջանակների արանքում պատկերված են երկուական փոքրիկ ութանկյուն աստղիկներ: Ութանկյուն աստղը, որպես հին հայկական խորհրդապատկեր, խորհրդանշում է հիմնադրամի հայկական սկիզբը, Հայաստանում գրանցվելու և ի նպաստ Հայաստանի ու հայերի գործելու փաստը: Գլոբուսը խորհրդանշում է, որ հիմնադրամը չի սահմանափակվելու Հայաստանով, ակտիվորեն համագործակցելու է արտերկրի մասնագիտական և այլ կազմակերպությունների հետ: Կշերքը, որպես արդարության խորհրդանիշ, խորհրդանշում է հիմնադրամի մասնագիտական ուղղվածությունը և գործունեության ոլորտը: Կիսաշրջանակների եզրագծերը, ութանկյուն աստղը և կշեռքը ծիրանագույն են, հիմնադրամի հայերեն և անգլերեն անվանումները և փոքրիկ աստղիկները` մուգ կապույտ, գլոբուսը` մոխրագույն: