Եվրոպական իրավունքի ամառային առաջին դպրոցի 26 մասնակիցներն են: Նրանք նոր սերնդի այն փաստաբաններն են, իրավաբան-մագիստրոսներն ու հայաստանյան իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսի ուսանողները, որոնք հաղթահարել են սահմանված մրցութային կարգն ու հնարավորություն ստացել Աղվերանում իրենց համար բացահայտելու եվրոպական իրավունքի բոլոր գաղտնիքները: Եվ այդ ամենը ոչ միայն հայ, այլ նաև գերմանացի մասնագետների մատուցմամբ: Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի կազմակերպիչներն են Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը (IRZ):
«Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ունեն առաքելություն, որը սահմանում է մի շարք նպատակներ: Նպատակներից մեկը իրավաբանների նոր սերնդի գիտակրթական մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներն են»,- Իրավաբան.net-ին ասաց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը:
Առավելագույն գիտելիքներ փոխանցելու համար 5-օրյա դասընթացի ծրագիրը կազմվել է ամենայն պատասխանատվությամբ, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը Հայաստան է հրավիրել գերմանացի մասնագետներ:
«Գերմանիայի Կառավարության հանձնարարությամբ IRZ-ն օգնում է մեզ հետ համագործակցող պետությունների դատական և իրավական համակարգը կատարելագործելուն»,- նշեց Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամի Վրաստանի ծրագրի մենեջեր Ռիտա Բուսան:
IRZ-ի հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանի խոսքով՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն դեռևս 2012 թվականից է ամառային դպրոցի գաղափարը տվել. «Իրոք, մեզ մոտ էլ շատ ժամանակ պահանջվեց քննարկելու և տեսնելու, թե ինչքանով է արդյունավետ և իրականանալի և այս տարի որոշեցինք իրականացնել, աջակցել և կազմակերպել այդ միջոցառման անցկացումը»:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ռազմիկ Սարգսյանի համար կարևոր է այն, որ ամառային դպրոցը հնարավորություն է տալիս շփվելու տարբեր իրավաբանների հետ, որոնք քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումեր. «Ամառային դպրոցի առաջին արժանիքն ու առանձնահատկությունն այն է, որ սա այլընտրանքային կրթության միջոց է: Այսինքն՝ այստեղ չկան կաղապարներ: Կարելի է, բնականաբար, ողջամտության սահմաններում ցանկացած հարցադրում անել»:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մերի Մովսիսյանն ամառային դպրոցի մասին հայտարարությունն Իրավաբան.net-ում է տեսել. «Որոշեցի հայտը լրացնել, որպեսզի մասնակցություն ունենամ, քանի որ նպատակ ունեմ ավելի ամբողջական դարձել արդեն իսկ ձեռք բերված եվրոպական իրավունքի մասին ունեցածս գիտելիքները»:
Փաստաբան Սոնա Հարությունյանի համար Եվրոպական իրավունքի ուսուցումը շատ կարևոր է նոր սերնդի իրավաբանների համար. «Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը հիանալի հնարավորություն է երիտասարդ իրավաբանների, իրավաբան-ուսանողների համար իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու եվրոպական իրավունքի վերաբերյալ»:
Դասընթացի առաջին օրը Եվրոպական կառույցներում Հայաստանի համագործակցության և Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց, որ մեծ ոգևորությամբ է եկել դասախոսելու: «Այս ամառային դպրոցի կազմակերպումը խթան է, հնարավորություն է, որպեսզի կարճ ժամանակահատվածում ուսանողները, նոր իրավաբանները, ապագա իրավաբանները կարողանան ձևավորել հարցերի շրջանակներ, որոնք իրենց համար լինելու են խորացված ուսումնասիրության հիմք»,- կարծում է արտաքին գործերի փոխնախարարը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Տաթև Հարությունյանին հետաքրքիր է եղել Զոհրաբ Մնացականյանի դասախոսությունը. «Արդեն իսկ առաջին զեկուցումն ինձ համար բավական նոր գիտելիքների աղբյուր հանդիսացավ, քանի որ, ուսումնասիրելով Եվրոպական իրավունքը, չէի ուսումնասիրել Ասոցացման պայմանագիրը Հայաստանի հետ»:
Մարիամ Անտոնյանը սովորում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում: Նա ուսումնասիրում է միջազգային և եվրոպական իրավունք: Այդ առումով ամառային դպրոցն իր համար առավել օգտակար է. «Կարծում եմ թեմաները շատ ճիշտ է ընտրված, որովհետև ի սկզբանե սկսեցինք ուսումնասիրել Եվրոպական իրավունքի և Եվրոմիության ստեղծումը»:
Հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետները մեծ կարևորություն են տալիս միջազգային իրավունքի ուսուցմանը, բայց ոչ եվրոպական: «Դատելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունից` Հայաստանի առջև ծառացած խնդիրներից պետք է մեծ կարևորություն տալ առհասարակ Եվրոպային, եվրոպական իրավունքին»,- ասաց Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության մագիստրոս Արտակ Թորոսյանը: Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրոս, փաստաբան Հայկուհի Սուքիասյանը համամիտ է՝ եվրոպական իրավունքը բուհերում պետք է խորացված ուսումնասիրել. «Հայաստանի Հանրապետությունում եվրոպական իրավունքը գտնվում է զարգացման և կայացման փուլում»:
Գերմանիայում միջազգային և եվրոպական իրավունքի դասախոս Հայնց Վիլհելմ Շաումանի խոսքով հայ իրավաբաններին անհրաժեշտ է եվրոպական իրավունքի իմացությունը: Նա երեք օր դասախոսել է նրանց համար և շատ տպավորված է. երիտասարդները ակտիվ են և լավ տրամաբանություն ունեն. «Չնայած ինձ 10 օր առաջ պատահաբար ասացին, որ ես պետք է աշխատեմ նման մի տեղում, այսօր արդեն կարող եմ ասել, որ ոչ մի գնով չէի ցանկանա կորցնել այս հնարավորությունը»:
Միջազգային և եվրոպական իրավունքի մասնագետը ոչ միայն դասախոսել է, այլ նաև երիտասարդների հետ ազատ ժամանակ բիլիարդ խաղացել: Խոստովանում է` իրավաբաններից մեկն իրեն անգամ երկար նարդի խաղալ է սովորեցրել: Ամառային դպրոցի կազմակերպիչները հոգացել են մասնակիցների նաև ազատ ժամանակի հետաքրքիր կազմակերպումը. թենիսի, ֆուտբոլի մրցույթ, ինտելեկտուալ մրցույթ, այցելություն պատմամշակութային վայրեր՝ Նորադուս, Հայրավանք:
«Առավել քան վստահ եմ, որ կստանամ բազմաթիվ հարցերի պատասխան, քանի որ ծրագիրը շատ հագեցած է»,- նշեց Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆի Գևորգյանը:
Եվրոպական միության դատական համակարգի, նախադեպերի մասին է խոսել Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Համմ քաղաքում գտնվող գերագույն դատարանի դատավոր Նորբերտ Քոստերը:
«Երիտասարդները բավականին հետաքրքրություն ունեն դպրոցի նկատմամբ և անկախ նրանից, թե տվյալ երկիրն անդամակցում է Եվրոպական միությանը, թե՝ ոչ, շատ կարևոր է, որ իրավաբանները տեղյակ կլինեն Եվրոպական իրավունքից»,- նշեց դատավորը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հայկ Ղազարյանը դատավոր Նորբերտ Քոստերի դասախոսությունը շատ է հավանել: Նրան զարմացրել է այն, որ դատավորն իր աշխատանքային 25 տարիների ընթացքում գերմանական դատական համակարգում կոռուպցիայի ոչ մի դեպքի մասին չի լսել:
«Շատ գովելի էր, որ Գերմանիայի դատավորը վստահ էր, որ այնտեղ կոռուպցիա չկա և ինձ թվում է, որ այդ իսկ պատճառով է, որ Գերմանիան այսօր այդպիսի զարգացած պետություն է և, մենք պետք է ձգտենք նրանց փորձը բերել Հայաստան և այստեղ էլ պայքարել կոռուպցիայի դեմ, նամանավանդ, դատական համակարգում»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ Սոնա Դանիելյանը:
Եվոպական իրավունքի մասին ամբողջական պատկերացում կազմելու գործում իրավաբաններին իրենց դասախոսություններով օգնեցին նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամներ, փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանն ու Մարատ Ատովմյանը: Նրանք բացի դասախոսելուց ղեկավարում էին նաև գործնական խմբային աշխատանքների ժամանակ ձևավորված իրավաբանների խմբերին:
«Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի մասնակիցների համար իմ կողմից դասավանդվեց Եվրոպական միության համակարգերը, 7 ինստիտուցիոնալ կառույցները, որոնք մեծ դեր և նշանակություն ունեն Եվրոպական միության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար, այնուհետև ներկայացվեց յուրաքանչյուր մարմնի ֆունկցիաները, իրենց վերապահված իրավասությունները և գործունեության շրջանակները»,- հայտնեց Սյուզաննա Սողոմոնյանը:
«Ամառային դպրոցի շրջանակներում ես երկու թեմաների եմ անդրադարձել: Առաջին թեման վերաբերում էր աշխատանքային և սոցիալական ապահովության ոլորտների իրավական կարգավորմանը Եվրոպական միությունում և մյուսը՝ Եվրոպական միությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին»,- տեղեկացրեց Մարատ Ատովմյանը:
Կրթության և մշակույթի ոլորտներում Եվրոպական միության քաղաքականության իրավական հիմքերի մասին խոսելու համար է հրավիրվել ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար, դոցենտ Աշոտ Եսայանը. «Որոշակի ճանապարհ անցնելով՝ Եվրամիությունը տնտեսական հարաբերություններից հետո է անցել կրթության և մշակույթի հարցերին, այսինքն՝ մենք այնքանով ենք առաջ, ի տարբերություն Եվրամիության, որ նրանք անցել են այդ ճանապարհը և նրանց բացթողումները մեզ համար կարող են շատ լավ օրինակ ծառայել»:
Ամառային դպրոցի 5-րդ օրը մասնակիցներին է ողջունել Արդարադատության փոխնախարար, ի.գ.թ., դոցենտ Ռուբեն Մելիքյանը: Նա խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կառուցվածքից, դիմելու կարգից, պատասխանեց իրավաբանների հարցերին: Օրվա հաջորդ բանախոս գերմանացի փաստաբան Միքայել Քլայնե-Կոզակը խոստովանեց՝ հիացած է Արդարադատության փոխնախարարի գիտելիքներով. նրան մեծ հաճույքով իր հետ որպես փաստաբան՝ Գերմանիա կտաներ: Հայ իրավաբաններից ստացած տպավորությունները ևս վառ են. «Դրական եմ գնահատում ուսանողների ակտիվ քննարկումները, նրանք հետաքրքրված են և ավելի ակտիվ են, քան մի շարք այլ երկրների երիտասարդները: Պետք է խոստովանեմ, որ հաճույք եմ ստացել այստեղ աշխատելու հնարավորությունիցս»:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները անկեղծանում են՝ սպասվածից ավելի գիտելիքներ են ստացել:
«Ցանկացած իրավաբան պետք է իմանա եվրոպական իրավունքը, քանի որ եվրոպական իրավունքն իրավունքի այն ճյուղերից մեկն է, որը սահմանում է մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»,-ասաց Գյումրիի Պրոգրես համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Արա Ղարագյոզյանը:
Ամառային դպրոցի վերջին օրը մասնակիցները հավաքվել և քննարկում են ստացած փորձը, խոսում իրենց տպավորությունների մասին:
«Զինվեցի եվրոպական իրավունքի մասին գիտելիքներով ու հետագայում միանշանակ որպես մանագետ կայանալու հարցում ինձ պետք է գալու», -ասաց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավաբանության բաժնի մագիստրատուրայի ուսանող Արազ Սարիբեկյանը:
Յուրաքանչյուր օրվա ավարտին կազմակերպված գործնական աշխատանքներն արդյունավետ են եղել:
Այս կարծիքին է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նունե Սողոմոնյանը. «Կարծում եմ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն, քանի որ ուսանողներն այսպիսի դպրոցների կարիք շատ ունեն»:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս Սամվել Մկոյանի կարծիքով ծրագիրը լավ է մշակված. «Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի շրջանակներում ես, ինչու չէ նաև իմ ընկերները, համոզված եմ, 5 օրվա ընթացքում ավելի շատ գիտելիքներ ստացան, քան թե ֆորմալ կրթության շրջանակներում մի քանի ամսում կարող էին սովորել»:
ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Գևորգ Խաչատրյանը ևս տպավորված է ամառային դպրոցից: Նա ոչ միայն լավ գիտելիքներ է ձեռք բերել, այլ նաև լավ ընկերներ. «Ամեն ինչ շատ բարձր որակով կազմակերպված ծրագիր էր»:
«Մինչև այս ամառային դպրոցը գալն, մասնակացել եմ այլ ճամբարների, սակայն միշտ դժգոհ եմ եղել կազմակերպվածության աստիճանից: Իսկապես շատ մեծ ջանք են գործադրել առավելագույնս ապահովվելով լավ պայմաններ»,-ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մարիամ Ներսիսյանը:
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Մանե Սիմոնյանը դասընթացից ստացած գիտելիքները կիրառելու շատ լավ հնարավություն ունի. «Կարող եմ, որպես փորձի փոխանակում, իմ ուսանողներին փոխանցել»:
«Շատ հետաքրքիր է սեմինարների դասավորությունը, քանի որ հնարավորություն ենք ստացել բոլոր ինստիտուտների, օրենսդրական գործընթացի ձևավորմանը և այլ օրենքների ձևավորմանն առանձին-առանձին անդրադառնալու»,-հայտնեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Երանուհի Յանդյանը:
Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Վարդուհի Բադալյանը Եվրոպական իրավունքի ամառային դպրոցում ամենաշատը հավանել է հենց օրակարգը. «Քանի որ շատ ճիշտ էր կառուցված. փուլ առ փուլ, հերթականությամբ: Թույլ էր տալիս ոչ թե շիլաշփոթի մեջ ընկել, այլ հստակ, դասավորված գիտելիքներ ստանալ: Թվում է, թե դա առաջին հայացքից տրամաբանական է ու պետք է օրակարգն այդպես լինի, բայց շատ խնդիրներ կան, որ սեմինարներ են անցկացնում ու վերջում ուսանողի մոտ քաոսային իրավիճակ է առաջանում»:
Ամառային դպրոցի մասնակիցներն իսկապես տպավորված են: Ամեն ինչ լավ է կազմակերպված, լավ ընկերներ ձեռք բերեցին ու մնայուն գիտելիքներ: Դասընթացն ավարտված է: Մեկնելու ժամանակն է: Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ե՞րբ է կազմակերպվելու հաջորդ միջոցառումը: Կարեն Զադոյանը նշում է` կարևորը սեփական գաղափարը հաջողությամբ իրականացավ. դժվարն առաջինն է: Խոստանում է՝ այն դառնալու է ամենամյա, միայն թե մասնակցելու համար նախ պետք է հաղթահարել մրցութային փուլը: