Դպրոցականների տեսակետները երկրի սահմանադրության վերաբերյալ

03 ապրիլի 2008
«Իրավունք, Հետաքննություն» թերթ

Դպրոցականների տեսակետները երկրի սահմանադրության վերաբերյալ

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, համագործակցելով «Ապագան Քոնն է» հասարակական կազմակերպության հետ, սույն թվականի մարտի 20-ին Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպեց քննարկում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության թեմայով, որը վարեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի ներկայացուցիչ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Քննարկման ավարտին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի անունից հայտարարվեց մրցույթ՝ «Սահմանադրական բարեփոխումները աշակերտների աչքերով» խորագրով: Աշակերտների կողմից ներկայացվեցին գրավոր զեկույցներ, որոնք վերաբերում էին սահմանադրական փոփոխությունների համեմատական վերլուծությանը:

Մրցույթի արդյունքները ամփոփելիս՝ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացած էին աշակերտների խորը գիտելիքներով և Սահմանադրության վերաբերյալ արտահայտված արդիական գաղափարներով: Մասնավորապես, դպրոցի 10/3 դասարանի աշակերտ Գոռ Սարգսյանը կարևորել է պետության կողմից շրջակա միջավայրի պահպանության կարևորագույն խնդիրը: Նույն դասարանի աշակերտ Արմեն Սահակյանը իր զեկույցում անդարադարձել է երկքաղաքացիության հիմնախնդրին և առաջարկել դրա լուծման իր ուրույն տարբերակը: Մյուս հետաքրքիր աշխատության հեղինակներն են դպրոցի 10/3 դասարանի աշակերտներ Հովակ Մարտիրոսյանը և Արմինե Բադեյանը: Նրանց առաջարկություններից ամենակարևորը վերաբերում է սահմանադրական այն դրույթի փոփոխությանը, որով ՀՀ նախագահը կհամարվի ոչ թե ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը, այլ գլխավոր երաշխավորը, քանի որ երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորներն են նաև ՀՀ բանակը, ազգային անվտանգության ծառայությունը և պետական այլ մարմիններ: Հաջորդ հետաքրքիր զեկույցը պատրաստվել էր դպրոցի 10/3 դասարանի աշակերտուհի Նոննա Զաքոյանի կողմից, ով իր զեկույցում կարևորում էր այլ անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացառումը: Մյուս հետաքրքիր աշխատության հեղինակը դպրոցի 10/1 դասարանի աշակերտուհի Մարիամ Զադոյանն էր: Նա իր աշխատության մեջ անդրադարձել է դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական որոշ փոփոխությունների՝ նվիրված երդվյալների ինստիտուտին, մասնագիտացված դատարաններին, բարձրագույն դատական ատյաններին, Վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների ինստիտուտին և արդարադատության խորհրդի կազմավորմանն ու կառուցվածքին: Մասնավորապես, նա քննադատում է երդվյալների ինստիտուտի վերացումը և կարևորում արդարադության խորհրդի ձևավորման ներկա կարգը, ըստ որի ՀՀ նախագահը այլևս չի հանդիսանում արդարադատության խորհրդի նախագահ, գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը՝ խորհրդի փոխնախագահներ, իսկ դատախազները խորհրդի անդամներ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից վերոհիշյալ բոլոր հինգ աշխատությունների հեղինակները կպարգևատրվեն մասնակցության հավաստագրերով և մրցանակներով:

Ստորև տպագրվում ենք Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի 10/1 դասարանի աշակերտուհի Մարիամ Զադոյանի աշխատանքը՝ որպես հետաքրքիր և օգտակար համեմատական վերլուծություն:

Համլետ Հակոբյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

Սույն աշխատանքում իմ կողմից փորձ է արվել անդրադառնալ և վերլուծել սահմանադրական որոշ փոփոխություններ, որոնք կատարվել են ՀՀ Սահմանադրության դատական իշխանության գլխում:

Մասնավորապես, ՀՀ նախկին Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր, որ «Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»: ՀՀ փոփոխություններով Սահմանադրությունից այս կարևորագույն դրույթը հանվել է, և վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասը լրացվել է նախկին դրույթի հետ որևէ կապ չունեցող «Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից» նոր պարբերությամբ: Գտնում եմ, որ երդվյալների ինստիտուտի վերացումը հետընթաց քայլ է արդարադատության իրականացման բնագավառում, քանի որ այս ինստիտուտի բացակայությունը չի նպաստելու  արդարադատության արդյունավետ իրականացմանը, մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց անմեղությունը կամ մեղավորությունը հաստատելու պարագայում:

Մյուս փոփոխությունը առնչվում է Սահմանադրության 92-րդ հոդվածին: Նախկին Սահմանադության 92-րդ հոդվածի «…գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ» դրույթը փոխարինվել է «…իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ» դրույթով, բացի այդ, վերոհիշյալ հոդվածը լրացվեց «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն  դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով…» նոր պարբերությամբ: Սույն փոփոխությունները սկիզբ դրեցին Հայաստանում դատական նոր համակարգի ձևավորմանը, որն էլ Դատական օրենսգրքի համաձայն սկսեց գործել 2008թ.-ի սկզբից: Նոր դատական համակարգում վերոհիշյալ հոդվածից բխող նորամուծություններ հանդիսացան վարչական դատարանը, մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարանները: Հուսով եմ, որ դրանք չեն արժանանա տնտեսական դատարանի ճակատագրին և որոշ ժամանակ անց չեն վերացվի:
Հաջորդ փոփոխությունը առնչվում է Սահմանադրության 93-րդ հոդվածին:   Նախկին Սահմանադության 93-րդ՝ «Օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները և որոշումները վճռաբեկ դատարանում վերանայվում են գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների բողոքների հիման վրա» հոդվածը փոխարինվել է հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը»։ Սույն հոդվածի փոփոխության կատարմամբ իմ կարծիքով արձանագրվել է հետևյալ առաջընթացը.

  • վերացվել է հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների ինստիտուտը, որի գոյությամբ խախտվում էր փաստաբանների իրավահավասարության սկզբունքը, չնայած որոշ ժամանակ անց «Փաստաբանության մասին» օրենքով գրեթե նույնությամբ, սակայն մեկ այլ անվան տակ, կրկին վերականգնվեց Վճռաբեկ դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի մատչելիությունը արգելակող դրույթը,
  • սահմանադրորեն ամրագրվել է սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարանի՝ Սահմանադրական դատարանի դերը:

Ըստ ինձ՝ սահմանադրական մյուս կարևորագույն փոփոխությունը կապված է Սահմանադրության 94-րդ հոդվածի բովանդակային փոփոխության և նոր՝ 94.1-րդ հոդվածի ավելացման հետ: Նախկին Սահմանադրության 94-րդ հոդվածը սահմանում էր, որ դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության Նախագահն է, այն ինչ կատարված փոփոխությունների արդյուքում ամրագրվեց, որ «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով: Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով»: Սա կարևորագույն փոփոխություն էր, քանի որ արդարադատության իրականացումը չի կարող երաշխավորվել անձի, այդ թվում՝ ՀՀ նախագահի կողմից, այլ միայն կարող է երաշխավորվել Սահմանադրությամբ, օրենքներով և, իմ կարծիքով, նաև իրավունքի գերակայությամբ:
Շատ կարևոր փոփոխություն է նաև արդարադատության խորհրդի ձևավորման և կազմի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունը: Գործող Սահմանադրության 94.1-րդ հոդվածը սահմանում է. «Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը: Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով, օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի»։ Նախկինում արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում էին ՀՀ Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը՝ իրավաբան գիտնական, ինը՝ դատավոր, երեքը՝ դատախազ: Արդարադատության խորհուրդը գլխավորում էր ՀՀ Նախագահը, իսկ խորհրդի փոխնախագահներ էին հանդիսանում արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը: Նկատելի է, որ արդարադատության խորհրդի կազմից դուրս են մնացել ՀՀ Նախագահը, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը և դատախազ անդամները: Սա բավական դրական փոփոխություն է և իմ կարծիքով նպաստելու է մեր երկրում արդարադատության իրականացման անկախության սկզբունքի զարգացմանը:

ՄԱՐԻԱՄ ԶԱԴՈՅԱՆ
Չեխովի անվան թիվ 55 դպրոցի
10/1 դասարանի աշակերտուհի