• hy
  • en
  • ru

Հակակոռուպցիոն բնույթի մարզային գիտաժողով

2010 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղում` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի կողմից կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի իրականացումը` որպես կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ միջոց» թեմայով իրավաբանների և իրավաբան ուսանողների մարզային գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը: Քանի որ ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Շիրակի ՇՊԱԸ-ի գործունեության ուղղություններից մեկն էլ հանդիսանում է հակակոռուպցիոն կրթման առանձնահատուկ հիմնախնդիրներն ու հակակոռուպցիոն բնագավառի փորձին նվիրված միջոցառումների կազմակերպումը և աշխատանքների կատարումը, Շիրակի ՇՊԱԸ-ն կազմակերպել էր վերը նշված միջոցառումը:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 6 մասնակիցներ՝ Շիրակի մարզի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 5 մասնակիցներ, որոնք իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացրեցին իրենց զեկույցները: Հեղինակները անդրադարձել էին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ 2009-2012թթ. ռազմավարությանը` առաջարկելով նոր գաղափարներ և խնդիրների շուրջ իրենց ուրույն լուծումները: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր անդամներից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ Շիրակի մարզային դատախազության դատախազ Գագիկ Մարգարյանը, Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը և Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը:

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի իրականացումը` որպես կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ միջոցե թեմայով իրավաբանների և իրավաբան ուսանողների մարզային ուսանողական գիտաժողովի մարզային «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Կրթության միջազգային Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Կրթության միջազգային Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը: Իրավաբան Արա Ղարագյոզյանն արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին, իսկ Գյումրու Միքայել Նալբանդյանի պետական մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհի Լալա Հովհաննիսյանը ճանաչվեց գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր:

Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի: