Նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2) տեղի ունենավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը:
Գիտաժողովը կազմակերպվել էր ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Գիտաժողովի նպատակն էր բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը փաստաբանության ոլորտում, ապահովել նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում: Իրավաբան ուսանողներն իրենց զեկույցներում փորձեցին իրենց ուրույն լուծումներն առաջարկել և նախանշել փաստաբանության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում:
Գիտաժողովի նպատակներից էր նաև խթանել այդ բնագավառում երիտասարդ իրավաբանների կողմից մասնագիտական հետազոտությունների իրականացումը:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 49 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից:
Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 23 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով:
Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումներըª առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, փաստաբաններ Վրեժ Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը:
«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուշ Մուրադյանը: