Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 1-ին գիտաժողով

2004թ.-ից սկսած Հայաստանում կազմակերպվում է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: 2004թ.-ից ի վեր կազմակերպվել է երեք գիտաժողով` յուրաքանչյուր տարի մեկ անգամ սկզբունքով:

Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել փաստաբանության բնագավառում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը և նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը: Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հանդիսանում է գիտաժողովի համակազմակերպիչ: Ստորև կարող եք գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն գիտաժողովի վերաբերյալ:

2004 թվականի մայիսի 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Էռատո սրահում առաջին անգամ տեղի ունեցավ «Փաստաբանությունը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանի գրասենյակը և «Բուկինիստ» գրատունը:

Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` 2004թ.-ի ապրիլի 23-ին գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 48 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 48 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 17-ը։ Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 10 լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն իրավունք ստացան որպես զեկուցողներ մասնակցել գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին:

Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ, հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լյուդվիգ Դավթյանը, որը հաղթեց նաև գիտաժողովի բանավոր փուլում: Գիտաժողովի գրավոր փուլի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Սիմոնյանը, իսկ գիտաժողովի հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Հարությունյանը:

Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների: Գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով հրատարակվել է գրքույկ, որը անվճար հիմունքներով տարածվել է երիտասարդ իրավաբանների և փաստաբանների շրջանում: