«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 7-րդ գիտաժողով

2010 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 11:30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական յոթերորդ գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

Գիտաժողովը կազմակերպվել էր «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:

Գիտաժողովը նպատակ ուներ բարձրացնելու իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, վերջիններիս ընձեռելով հնարավորություն փաստաբանության ոլորտում ներկայացնելու իրենց մոտեցումներն ու նորանոր գաղափարները` աշխատանքում կատարվող ուսումնասիրությունների միջոցով, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում: Իրավաբան ուսանողներն իրենց զեկույցներում փորձ էին արել իրենց ուրույն լուծումներն առաջարկել և մատնանշել փաստաբանության մատրահրավերները և ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 34 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 30 իրավաբան ուսանողներ: Ներկայացված տաս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ, ինչպես նաև կատարել էին համեմատական վերլուծություններ եվրոպական մի շարք պետությունների փաստաբանական ինստիտուների միջև: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, փաստաբաններ Վրեժ Գասպարյանը, Անահիտ Հակոբյանը:

«Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական յոթերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Գևորգյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մադլենա Մարգարյանը: Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Գևորգյանը արժանացավ երկրորդ մրցանակին: Գիտաժողովի հիմնադիր Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Երևանի Պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Ֆերեշետյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:

Գիտաժողովի արդյունքում տպագրվել է «Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական յոթերորդ գիտաժողովի լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածու: