«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 8-րդ գիտաժողով

Ութ տարի անընդմեջ շարունակելով նպաստել փաստաբանության ոլորտում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը և ինքնուրույն հետազոտություններ կատարելուն, 2011թ-ին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է ավանդույթ դարձած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովը, որի եզրափակիչ` բանավոր փուլը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին:

Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, ինչպես նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ծրագրի իրականացման ընթացքում մեծ տեղ է հատկացվում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 38 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 24 իրավաբան ուսանողներ: Ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, անդրադարձնալով` փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Անահիտ Հակոբյանը:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Այվազյանը, ով նաև արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրասիա միջազգային համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիոնորա Կարապետյանը: Գիտաժողովի հիմնադիր Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Աբրահամյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Երևանի պետական համալսարանի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Վիրաբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:

Գիտաժողովը լուսաբանվել է «Կենտրոն» հեռուստաընկերության, «1in.am», «tert.am», «7or.am» լրատվական կայքերի և Հանրային ռադիոյի կողմից:

Գիտաժողովի արդյունքում տպագրվելու է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացմանհեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովի լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածու: